01/11/2026

EU – Armenia

ԹՐԻՓՓ-ի վավերացումից հանրության ուշադրությունը շեղելով

Շատերը կարծում են, որ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրված ծեծկռտուքը եւ դրանից հետո ֆիզիկական ուժի գործադրմամբ հպարտանալն ու արդարացնելը պայմանավորված են ԹՐԻՓՓ-ի վավերացումից հանրության ուշադրությունը շեղելով:

Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնության համար ԹՐԻՓՓ-ը ոչ մի նշանակություն չունի, մարդիկ չեն հասկանում, թե դրա վավերացումը եւ անգամ գործարկումն ինչ գործնական ազդեցություն կունենա իրենց անձնական կյանքի վրա: Ինչ վերաբերում է Հայաստանի անկախության կամ ինքնիշխանության խախտմանը, վերջին տարիներին դրանք այնքան հաճախակի են, որ դրանով որեւէ մեկին չես զարմացնի կամ զայրացնի: Փաշինյանը պատրաստվում, հասարակությանն էլ նախապատրաստում է շատ ավելի մեծ իրադարձությունների, որոնք անմիջական ազդեցություն են ունենալու յուրաքանչյուրի կյանքի եւ կենսամակարդակի վրա: Խոսքը Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու մասին է, որին փաստացի մնացել է 2 ամիս:

Երբ հունվարի 1-ից Հայաստանը դադարի լինել ԵԱՏՄ անդամ երկիր, եւ տեղի ունենա գազի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների թռիչքաձեւ աճ, երբ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ապրանքների` հացահատիկի, ձեթի, կերային կուլտուրաների եւ այլ ապրանքների գները թանկանան, երբ Ռուսաստանը մաքսային արգելքներ դնի Հայաստանից արտահանվող ամբողջ տեսականու վրա, մարդիկ իսկապես կհասկանան, թե ինչ է իրենց ներկայացնում Փաշինյանի խոստացած իրական Հայաստանը, եւ ինչով է այն տարբերվում նախկինից ժառագություն մնացած Հայաստանից:

Իսկ ի՞նչ կապ ունեն ԵԱՏՄ-ից Հայաստանի հեռացումը, գների թանկացումը եւ մարդկանց աղքատացումը երեկ ԱԺ-ում կազմակերպված ծեծի տեսարանների հետ: Փաշինյանը լեգալացնում` օրինականացնում է բռնության կիրառումը, ասում է, որ իր քաղաքական հակառակորդների, իր քաղաքականությունից դժգոհողների նկատմամբ քրեական մեթոդներն այլեւս չեն բավարարում, այսուհետ բռնության կիրառումն է օրինական: Եթե ԱԺ պատգամավորներին կարելի է անպատիժ ծեծել, եւ դա արժանանում է երկրի փաստացի ղեկավարի դրվատանքին, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի անել շարքային քաղաքացիների նկատմամբ, ովքեր չունեն ո՛չ անձեռնմխելիություն, ո՛չ էլ անձնական պահնորդներ: Հրապարակային ծեծի ո՛չ հրահրողները, ո՛չ անմիջական մասնակիցները որեւէ պատասխանատվության չենթարկվեցին, որեւէ գործ այդ առիթով չի հարուցվի, քանի որ երկրի փաստացի ղեկավարը տեղի ունեցածը համարում է օրինական:

«Բռնապետական» բառն առաջացել է «բռնություն» բառից, կարծում ենք՝ դրա մասին ավելորդ է խոսելը: Պետությունը կամ հասարակարգը բռնապետական է, քանի որ հիմնված է բռնության վրա, բռնությունը մարդկանց կառավարելու, նրանց հնազանդեցնելու միակ կամ հիմնական միջոցն է: Երբ մարդիկ ասում են, որ Փաշինյանը հաստատել է բռնապետական համակարգ կամ ռեժիմ, պետք է հասկանան նաեւ, որ այդ բռնապետական ռեժիմի կառավարման միակ գործիքը բռնությունն է:

Առայժմ բռնությունը սահմանափակվում է մարդկանց անօրինական կալանավորելով, ազատազրկելով, ծեծով եւ խոշտանգումով: Վաղը եթե այդ մեթոդները բավարար չլինեն՝ հանրային ըմբոստությունը զսպելու համար, կասկած չկա, որ ռեժիմը կանցնի ավելի ռադիկալ քայլերի: Կասկած չկա, որ Փաշինյանը ոչ թե կարդարացնի Վահագն Ալեքսանյանի կողմից պատգամավորի վրա աթոռ շպրտելը, այլեւ զենք կբաժանի իր խմբակցության անդամներին, եւ մենք կտեսնենք, թե ինչպես են Վահագն Ալեքսանյանը, Արթուր Հովհաննիսյանը կամ Տարոն Չախոյանը Ազգային ժողովի դահլիճում մարդկանց գնդակահարում: Եվ մի օր Փաշինյանն անձամբ կհայտարարի, որ դա միանգամայն արդարացված է, քանի որ հրաձգության զոհերն օտարերկրյա գործակալներ են, Ռուսաստանից ուղարկված կամ կառավարվող դիվերսանտներ, որոնց գոյությունը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը: Նույնը կփորձեն տեղափոխել փողոց: Փաշինյանն իր կողմնակիցներին բացատրելու է, որ եթե նրանք չսպանեն իրենց քաղաքական հակառակորդներին, վերջիններս իշխանության են գալու եւ հաստատ նույնն անելու են նրանց նկատմամբ։ Այնպես որ՝ եթե ուզում եք ապրել, պետք է սպանեք:

Իշխանությունը բռնազավթելուց հետո Փաշինյանը մշտապես կուլտիվացրել` աճեցրել եւ բազմացրել է բռնությունը, ասֆալտին փռելու եւ պատերին ծեփելու խոստումներից մինչեւ մեր օրերը: Դա արվել է հատուկ օրակարգով, հասարակության մեջ ստեղծելով տարանջատում նախկինների եւ ներկաների, թուրքահպատակների եւ ռուսաստրուկների, իսկ իրականում՝ յուրայինների եւ օտարների միջեւ: Հիմա եկել է պահը՝ այդ երկու բանակներն իրար դեմ հանելու, քաղաքական եւ քաղաքացիական բախումներ հրահրելու: Երբ երկրում տեղի են ունենում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում, աղքատության խորացում, սոցիալական ցնցումներ եւ դժգոհություն, դա հնարավոր է հանդարտեցնել միայն բռնության կիրառմամբ, որ մարդիկ մտածեն ոչ թե բարեկեցության, ստամոքսի մասին, այլ երջանիկ զգան, որ այսօր էլ իրենց չծեծեցին, չկալանավորեցին, չսպանեցին: