18/09/2026

EU – Armenia

Ճանապարհը խաղաղություն չի ստեղծում ինքն իրեն

Նիկոլ Փաշինյանն օրերս մի կարևոր միտք էր ձևակերպել՝ երկարաժամկետ խաղաղությունը պետք է ունենա նաև տնտեսական հիմք, որպեսզի տարածաշրջանի պետությունները միմյանց կայունությունից և բարեկեցությունից իրական շահ ստանան։

Վարչապետի նկարագրած տրամաբանությունը հետևյալն է՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Իրանը պետք է տնտեսական շահ ստանան միմյանց կայունությունից։ Առևտուրը, ճանապարհները, պետական եկամուտներն ու հանրային բարեկեցությունը պետք է ստեղծեն փոխադարձ հետաքրքրություն խաղաղության պահպանման նկատմամբ։

Այդ համակարգի գործիքների շարքում Փաշինյանը հիշատակեց տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, «Խաղաղության խաչմերուկը» և TRIPP-ը։

Այս մոտեցումը վաղուց ծանոթ է միջազգային քաղաքականությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հինգ տարի անց Ֆրանսիան և Արևմտյան Գերմանիան դեռ պատմական հակառակորդներ էին։ 1950-ին Ռոբերտ Շումանն առաջարկեց պատերազմի արդյունաբերական հիմքերը՝ ածուխն ու պողպատը, հանձնել համատեղ կառավարման՝ նախկին հակառակորդների շահերը մի համակարգի մեջ կապելու համար։

1951-ին ստեղծված Եվրոպական ածխի և պողպատի համայնքը նպատակ ուներ նախկին հակառակորդների տնտեսական շահերը կապել այնքան ամուր, որ նոր պատերազմի նյութական գինը բարձրանա։ Այդ փոքր տնտեսական կառույցից հետագայում աճեց եվրոպական ինտեգրման ամբողջ համակարգը։

Հարավային Կովկասը, իհարկե, հետպատերազմյան Արևմտյան Եվրոպա չէ։ Պետությունների չափերը, քաղաքական համակարգերը, ուժային հարաբերությունները և անվտանգության միջավայրը տարբեր են։ Սակայն Շումանի փորձից մի կարևոր գաղափար այսօր էլ աշխատում է՝ երկարատև խաղաղությանը պետք են ամենօրյա շահեր։

Բաց սահմանը, երկաթուղին և առևտրային երթուղին խաղաղության մեջ կոնկրետ արժեք են ստեղծում՝ բեռներ, եկամուտներ, աշխատատեղեր, մաքսային հոսքեր, ներդրումներ։ Երբ այդ համակարգից շահում են մի քանի պետություններ, պատերազմի գինը բարձրանում է, իսկ խաղաղության պահպանումը դառնում է ընդհանուր տնտեսական շահ։

TRIPP-ի քաղաքական նշանակությունը հենց այս հարթության վրա պետք է դիտարկել։ Հայաստան–ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը TRIPP-ը սահմանում է որպես տարածաշրջանային հաղորդակցությունների, առևտրի, խաղաղության և կայունության խթանման նախագիծ։

Դրա ամբողջ իրականացումը մնում է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո․ սահմանային վերահսկողությունը, մաքսային ընթացակարգերը, անվտանգային և իրավապահ լիազորությունները ամբողջությամբ պահպանում է հայկական պետությունը։

Եթե այս ճանապարհով սկսվի կայուն առևտուր, Հայաստանի ռազմավարական նշանակությունն էլ կփոխվի։ Երկրի կայունությունն արդեն անմիջական շահ կդառնա բեռնափոխադրողների, ներդրողների, հարևան պետությունների, Միացյալ Նահանգների և ավելի լայն տարածաշրջանային տնտեսական ցանցերի համար։

Սակայն տնտեսական փոխկապվածության շուրջ չափազանց մեծ ռոմանտիզմն էլ վտանգավոր է։ Հայաստանի համար այստեղ կա սկզբունքային զգուշացում։ Փոխկապվածությունը անվտանգություն է ստեղծում, երբ կապերը բազմակողմ են, ճանապարհները՝ բազմազան, վերահսկողությունը՝ ինքնիշխան, իսկ առանձին որևէ դերակատար չունի համակարգը փակելու բացառիկ հնարավորություն։

Սահմանափակ շուկաներից, առանձին գազատարներից, եզակի երկաթուղային ուղղություններից կամ մեկ արտաքին գործընկերոջից չափազանց մեծ կախվածությունը կայունության հիմք չի ստեղծում։ Ճգնաժամի պահին այդ կենտրոնացումը արագ վերածվում է խոցելիության։

TRIPP-ի ռազմավարական արժեքը հենց այստեղ է չափվելու։ Այն պետք է Հայաստանին տա ավելի շատ ուղղություններ, ավելի լայն շուկաներ և ավելի բազմազան գործընկերներ։ Եթե նոր երթուղին պարզապես մեկ կախվածությունը փոխարինի մյուսով, արդյունքը սահմանափակ կլինի։ Իսկ եթե այն Հայաստանի կապերը միացնի Իրանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի և եվրոպական շուկաների հետ, երկրի աշխարհագրությունը կդադարի աշխատել մեկ ուղղությամբ և կվերածվի մի քանի տնտեսական համակարգեր կապող հարթակի։

Փաշինյանի ներկայացրած խաղաղության տնտեսությունն այս իմաստով հետաքրքիր փորձ է։ Այն խաղաղությանը տալիս է նյութական հենարան, բայց խաղաղությունը պահպանելու համար շահը պետք է լինի փոխադարձ, իսկ կախվածությունը՝ կառավարելի։ Ճանապարհը խաղաղություն չի ստեղծում ինքն իրեն։ Խաղաղության արժեքը մեծանում է, երբ ճանապարհի փակվելուց բոլորը կորցնելու բան ունեն, իսկ այն բաց պահելուց՝ շահելու։