Օգոստոսի 8-ին լրանում է Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթաժողովի մեկ տարին։ Հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգների նախագահին հղած ուղերձներում հավաստել են, որ կողմերի միջև «փաստացի խաղաղություն է հաստատված»։
Իլհամ Ալիևը նույնիսկ խոսել է առևտրատնտեսական հարաբերությունների «հաստատման» մասին։
Այդուհանդերձ, հստակ չէ, թե Հայաստանը և Ադրբեջանը խաղաղությանը ավելի մո՞տ են այսօր, քան՝ երբ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի «վկայությամբ» քաղաքական հռչակագիր էին ստորագրում։
Գործընթացն, ինչ խոսք, պայմանավորված չէ միայն Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ցանկությամբ և քաղաքական կամքով, և խաղաղությունը բացառապես հայ-ադրբեջանական ապագայի մասին չէ։
Այս իմաստով կողմերի քայլերը, բնականաբար, հետևում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադարձություններից։ Հարավային Կովկասը «ներփակված» է Ռուսաստանի և Իրանի միջև, արևմուտքում սահմանակցում է Թուրքիային։ Եվ պատկերացնել, թե առանց այս ազդեցիկ դերակատարների ուղղակի կամ միջնորդավորված «ներկայության» կարող է վերափոխվել Եվրոպայի և Ասիայի միջև «հաղորդակից անոթի», չափազանցված լավատեսություն կլինի։
Ռուսաստանը Ուկրաինայում թիրախավորել է ադրբեջանական SOCAR -ի բենզալցակայանը։ Երկու օր հետո Ուկրաինայի նախագահը հրապարակայնացրել է, որ Ադրբեջանը ռազմական արդյունաբերության ոլորտում գործընկեր է։ Այս տիրույթում SOCAR-ի ուկրաինական ենթակառուցվածքների թիրախավորումը կարելի է գնահատել Ադրբեջանի «թշնամանքին ուղղակի ռազմական պատասխան»։
Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հրապարակային օրակարգում Հարավային Կովկասը ներառնված չէ։ Շատ հավանական է, որ այդ խնդիրը քննարկվել է Թրամփ-Էրդողան փակ հանդիպմանը։ Բայց ի՞նչ կտրվածքով։ Ուկրաինան Ռուսաստանի կամ, ավելի ճիշտ, Վլադիմիր Պուտինի համար այլևս կենաց-մահու խնդիր է։
Լրջագույն մարտահրավեր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի գործընկերներին, մեղմ ասած, «բարեհաճություն չի ցուցաբերում»։ Երևում է, Թուրքիան ձգտում է իրավիճակից առավելագույնը «քամել»։
Հայտնի չէ, թե արդյոք իրանա-ամերիկյան բանակցություններում Հարավային Կովկասը «տեղ ունի՞»։ Այաթոլլա Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությանը Ադրբեջանի պատվիրակությանը իրանական կողմը դիմավորել է Ղուրանից մեջբերումով․ «Մի տրտմեք և մի վհատվեք, քանզի հաջողությունը ձեր կլինի, եթե իրոք հավատաք»։ Ի՞նչ խորհուրդ ունի այս հղումը։ Իրանը Ադրբեջանին իսլամական «դիմադրության ճակա՞տ է հրավիրում»։

Բաց մի թողեք
ԵՄ – Մեքսիկա առևտրային համաձայնագիրը հաստատվեց Խորհրդարանում. Լուսանկար
ԵՄ-ն առաջարկում է արգելել իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը
Իտալիան գլխավորում է ԵՄ 2 տրիլիոն եվրոյի բյուջեում կանաչ կանոնները թուլացնելու ջանքերը