Եմենի հութիները Բաբ էլ-Մանդեպի նեղուցի առափնյակում հարվածային անօդաչուներ և հրթիռարձակման կայանքներ են տեղաբաշխել և սպասում են Իրանի հրամանին, որպեսզի թիրախավորեն առեւտրային նավերը և արգելափակեն միջազգային առևտրի այդ կարեւոր երթուղին։
Այս տեղեկությունը, հղելով «երեք իրազեկ աղբյուրների», տարածել է Reuters հեղինակավոր գործակալությունը։
Իսրայելական vesty ռուսալեզու կայքը իր հերթին մեջբերել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը․ «Մենք Միացյալ Նահանգներին, որպես մեր տարածաշրջանից դուրս գտնվող տերության, թույլ չենք տա խառնվել Հորմուզի նեղուցի շուրջ գործերին։
Եթե Թրամփի վերջին սպառնալիքը գործի դրվի և Իրանի ենթակառուցվածքները հարվածի ենթարկվեն, տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքները իրանական ուժերի հուժկու հարվածներով կփլուզվեն»։
Չափազնաց կարևոր է հիշեցնել, որ Բաբ էլ-Մանդեպի նեղուցի գերկարևորության մասին Իրանի նախկին հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելուց հետո խոսել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ասել է, որ Իրանը «Բաբ էլ-Մանդեպի նեղուցը կարող է օգտագործել որպես ջերմամիջուկային զենք»։
Այդ առթիվ նկատել էինք, որ Ռուսաստանը, կարծես, «տորպեդահարում է իրանա-ամերիկյան համաձայնությունը»։ Որքանո՞վ է Թեհրանը «ականջալուր եղել» Մեդվեդևի «խորհրդին», դժվար է ասել։ Փաստ է, որ Իսլամական հանրապետությունը Հորմուզի նեղուցում առաջինն է խախտել պայմանավորվածությունը՝ պնդելով, որ նավարկությունը կարող է իրականացվել միայն «իրանական երթուղով»։
Պարսից ծոցում և Կարմիր ծովի շուրջ ստեղծված իրավիճակը հղի է տարածաշրջանային լայնածավալ պատերազմի սպառնալիքով։ Արաբական մի շարք երկրներ, որ նախկինում ԱՄՆ-ին հորդորել են Իրանի հետ բանակցություններ սկսել, անցած օրերին դիրքորոշում են փոխել։ Նրանք ակնկալում են, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ հարվածները կշարունակի և կհասնի նպատակին։
Հուլիսի 16-ին լրագրողները ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովին հարցրել են՝ «անիմա՞ստ չէ խոսել ուկրաինական կարգավորման մասին՝ նկատի ունենալով Իրանի շուրջ իրավիճակը»,- ինչին նա պատասխանել է մանվածապատ ձևակերպումներով, բայց հասկանալ է տվել, որ «շատ հակամարտություններ հնարավոր չէ կարգավորել «գործարքով»՝ ինչպես դա անվանում են ԱՄՆ-ում»։
Պեսկովը փաստացի չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի այն գնահատականը, որ «մոտ ապագայում Վլադիմիր Պուտինը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»։ Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը Ռուսաստանի համար մի քանի առումներով պարզապես նվեր է։
Բայց գերկարևոր է, որ «Իսլամաբադյան հուշագիրը», հավանաբար, այլևս ռուս-ուկրաինական հրադադարի նախադեպ չի դիտարկվի։

Բաց մի թողեք
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան
Մանդատը վերցնում եմ… ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ, դրանց չեմ ուրախացնելու. Աղվան Վարդանյան