19/05/2026

EU – Armenia

Ո՞վ Թրամփին «կօգնի» հաղթել Իրանին

Մայիսի 19-20-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանում։ Այդ մասին ծանուցել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնելու ԱՄՆ նախագահից չորս օր հետո։

Եվ եթե անգամ իրականություն է, որ Սի Ծինփինի հետ նրա բանակցությունները «ծրագրված էին ավելի վաղ», իշխող տպավորություն է, որ նա «ստուգողական» այց է կատարում։

Եվրասիական համագործակցության ասոցացիայի նախագահ Տատյանա Պարխալինան «Կոմերսանտին» մեկնաբանել է, որ Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը երկխոսության շրջանակներից դուրս են թողել բազմաբևեռ աշխարհի թեման և բոլորին ակնհայտորեն նկատել տվել, որ խոսքը նոր երկբևեռության մասին» է։

Ռուսաստանցի մեկնաբանը, այսպիսով, ակնարկել է, որ Թրամփի Չինաստան այցը «երկբևեռ աշխարհի տրամաբանության» մեջ էր, և Ռուսաստանի նախագահը փորձելու է «վերականգնել բալանսը»։ Դոնալդ Թրամփի Պեկին այցը ամերիկյան առաջատար լրատվամիջոցները գնահատել են «ոչ այնքան հաջողված»։

Եվ եթե անգամ այդ համատեքստում Մոսկվան համարում է, որ չին-ամերիկյան և ռուս-չինական հարաբերությունների «բալանսը վերականգնելու անհրաժեշտություն կա», ապա վստահաբար կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական գործընկերության քարոզչությունը, մեղմ ասած, այնքան էլ արժանահավատ չէ։

Ուշագրավ է, որ անցյալ տարի Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել Անքորիջում ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից մոտ երկու շաբաթ հետո։ Այս անգամ Սի Ծինփինի հետ նրա բանակցությունները հաջորդում են ԱՄՆ նախագահի Պեկին կատարած պետական այցին։

Աշխարհը «բազմաբևե՞ռ», թե՞ երկբևեռ պիտի լինի, այս հարցը, երևի, անցյալ տարի սկզբունքային է եղել Չինաստանի համար։ Պուտինը 2025թ․-ին կարողացե՞լ է Սի Ծինփինին համոզել, որ ԱՄՆ նախագահի հետ գագաթաժողովը «աշխարհը երկուսի միջև բաժանելու մասին» չէր։

Եթե «կարողացել» է, ապա մայիսի 19-20-ին Չինաստանի առաջնորդը նույն «հաջողությամբ նրան կհամոզի, որ Թրամփի հետ բանակցություննեերը աշխարհը երկուսի միջև բաժանելու մասին» չէին։

Չոր արդյունքը, սակայն, այն է, որ Չինաստանի առաջնորդի ԱՄՆ պատասխան այցի ժամկետն արդեն հստակ որոշված է՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 16, իսկ ԱՄՆ նախագահը շատ անորոշ ձևով հավանական է համարել, որ մինչև տարեվերջ «կարող է այցելել Ռուսաստան»։

Ստացվում է, որ, ինչպես ավելի վաղ ենթադրել էինք, Թրամփ-Սի-Պուտին «եռյակ միությունը» չի կայանում։ Աշխարհը կդառնա կրկին երկբևեռ, թե՞ Եվրոպան «կամբողջացնի սուրբ երրորդությունը»։ Կամ, գուցե, ձևավորվի ուժի նոր կենտրո՞ն։ Ո՞վ Թրամփին «կօգնի» հաղթել Իրանին։