19/05/2026

EU – Armenia

Որոնք են ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժերը

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցող 19 կուսակցություններն ու դաշինքներն արդեն ԿԸՀ են ներկայացրել իրենց գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրերը։

«Ռեֆորմիստներ»-ը, «Ազգային ժողովրդական բևեռ»-ը, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգային զարթոնք»-ը, «Ալյանս»-ը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունները գույք ու եկամուտ չեն հայտարարագրել։ Ըստ հայտարարագրի չունեն նաև դրամական միջոցներ։

«Բոլորին դեմ եմ» կուսակցության դրամական միջոցները կազմել են 4 մլն 62 հազար 500 դրամ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի կազմում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է 16 մլն 719 հազար 50 դրամ։ Կուսակցության եկամուտները գոյացել են նվիրատվություններից և կազմել են 159 մլն 500 հազար դրամ։ Կուսակցությունը վարձակալել է 95 անշարժ գույք՝ ողջ ՀՀ տարածքում։ Դաշինքի կազմում գտնվող մյուս կուսակցությունը՝ «Նոր դարաշրջան»-ը, հայտարարագրել է նվիրատվություն՝ 2 մլն 715 հազար 560 դրամ, որը կատարել է Էդուրադ Ավետիսի Զառանցյանը։ Իսկ դաշինքի մաս կազմող «Միավորված հայեր»-ը գույք և եկամուտ չի հայտարարագրել։

«Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը հայտարարագրել է դրամական միջոցներ 10 մլն 247 հազար 604 դրամ։ Դրամական միջոցները գոյացել են անդամավճարներից և նվիրատվություններից։ Ունի վարձակալած մեկ տարածք։

«Նոր ուժ» կուսակցությունը 927,626 դրամ է հայտարարագրել, իսկ մեկ տարվա ընթացքում 13 մլն 920 հազար դրամ նվիրատվություն է ստացել։

«Միասնության թևեր» կուսակցությունը 611 հազար 438 դրամ գումարային միջոց է հայտարարագրել։ Կուսակցությունը նաև 1 մլն 120 հազար դրամ նվիրատվություն է հայտարարագրել, որը փոխանցել է Հովհաննես Մարգարյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որպես եկամուտ հայտարագրել է 45 մլն 821 հազար 600 դրամ, որը որպես աջակցություն ստացել է Ազգային ժողովից։ Կուսակցության դրամական միջոցները կազմել են 47 մլն 921 հազար 194 դրամ։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը որպես սեփականություն հայտարարագրել է մեկ անշարժ գույք, դրամական միջոցները կազմել են 259 հազար դրամ, իսկ որպես եկամուտ հայտարարգրել է 505 հազար 800 դրամ կուսակցության անդամավճարներ, իսկ 1մլն 505 հազար 350 դրամը՝ նվիրատվություններ։

«Հանրապետություն» կուսակցությունը որպես դրամական միջոցներ հայտարարագրել է 26 մլն 27 հազար 360 դրամ, իսկ եկամուտները գոյացել են 15 մլն դրամ՝ գրավի վերադարձից, իսկ 37 մլն 17 հազար 800 դրամը՝ Ազգային ժողովից՝ որպես պետական ֆինանսավորում։ Նշենք, որ Ազգային ժողովը նախորդ ընտրություններին մասնակից այն քաղաքական ուժերին, որոնք 3 տոկոսի շեմը հաղթահարել էր, գումար է հատկացրել։

«Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը դրամական միջոցներ ու եկամուտներ չի հայտարարագրել, բայց վարձակալական հիմունքներով ունի գրասենյակ։

ԴՕԿ կուսակցության դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին ունեցել 1800 դրամ, իսկ եկամուտները կազմել են 415 հազար դրամ, որ փոխանցել են Անույշ Խուդավերդյանը և Դավիթ Անդրեասյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել կուսակցության հայտարարագիրը։ Կուսակցությունը հանրապետությունով մեկ 336 գրասենյակային տարածք է վարձակալել։ Որպես եկամուտ կուսակցությունը հայտարարագրել է 234 մլն 727 հազար 890 դրամ, որը ՔՊ-ի հաշվին է փոխանցել Ազգային ժողովը՝ որպես պետական ֆինանսավորում։ Սա այն գումարն է, որ պետությունից ստանում են ընտրություններում շեմը հաղթահարած կուսակցությունները։ 481 մլն 790 հազար 400 դրամ, այսինքն՝ 1 մլն 200 հազար դոլարից ավելի իշխող կուսակցությունը նվիրատվություն է ստացել տարբեր անձանցից։ Որքան էլ որ այս գումարը մուտքագրվել է կուսակցության բյուջե, այստեղ մեծ կոռուպցիոն ռիսկեր կան։ Որպես անդամավճար ՔՊ անդամներից ստացել է ընդամենը 129 մլն 524 հազար 599 դրամ։

«Հայաստան» դաշինքի կազմում գտնվող ՀՅԴ կուսակցությունը որպես սեփականություն հայտարարագրել է 68 շինություն, 2022թ-ին թողարկված Տոյոտա կոռոլա մակնիշի մեկ ավտոնեքենա։ Որպես դրամական միջոց հայտարարագրել է 10 մլն 194 հազար դրամ, իսկ կուսակցության եկամուտները գոյացել են 1 մլն 640 հազար դրամը գույքի վարձավճարից, 9 մլն դրամը նվիրատվությունից, իսկ 3 մլն 80 հազար դրամը՝ անդամավճարներից։

«Հայաստան» դաշինքի մաս կազմող «Առաջ» կուսակցությունը 34 մլն 109 հազար 867 դրամ գումար է հայտարարագրել, կուսակցության եկամուտները գոյացել են նվիրատվություններից՝ 103 մլն 860 հազար դրամ։ Կուսակցությունը վարձակալել է 45 անշարժ գույք։

«Հանուն հանրապետության» կուսակցության դրամական միջոցները հայտարարագիրը ներկացացնելու պահին կազմել են 21 հազար 520 դրամ։ Կուսակցության 2 մլն 99 հազար 600 դրամ եկամուտը գոյացել է նվիրատվություններից։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է 64 հազար 513 դրամ։ Կուսակցության դրամական միջոցները գոյացել են նվիրատվություններից՝ 3 մլն 623 հազար 388 դրամ։