Ռուսաստանի պետական դումայի սեպտեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ինտրիգային լինել։ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի հայտարարությունը, որ եթե կառավարությունը սոցիալ-տնտեսական լուրջ բարելավում չապահովի, ապա աշնանը «տեղի կունենա այն, ինչ եղել է 1917 թվականին», երևում է, լրջորեն անհանգստացրել է Կրեմլին։
Ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցներին, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը մեծամասնական մոտ երկու տասնյակ ընտրատարածքներում պատգամավորության թեկնածու է առաջադրելու «հատուկ ռազմական գործողության մասնակիցների»։
Մամուլը պարզել է, որ խոսքը ավանդաբար կոմունիստ թեկնածու օգտին քվեարկող ընտրատարածքների մասին է։
Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը լիովին սատարում է Ուկրաինայի դեմ պատերազմին, բայց սոցիալ-տնտեսական քաղաքականության հարցում կառավարության ընդդիմախոսն է։
Մեծամասնական ընտրատարածքներում առաջադրելով «պատերազմի հերոս» թեկնածուների, իշխանությունները կոմունիստներին փաստացի զրկում են կառավարության հասցեին քննադատության հնչեցնելու հնարավորությունից։
Ռուսաստանում մի իրավիճակ է ստեղծվել, երբ նախագահ Պուտինը և կառավարությունը նույնացվել են Ուկրաինայի դեմ պատերազմող զինվորականության հետ։ Քննադատել կառավարությանը՝ կոմունիստների համար կնշանակի դեմ արտահայտվել ուկրաինական պատերազմին, նսեմացնել «հերոսներին»։ Ոչ ոք նման «ինքնասպանության» չի գնա։
Մյուս կողմից, սակայն, կա պետական դումայում «նշանակված ընդդիմություն» ունենալու խնդիր։ «Նեզավիսիմայա գազետա»-ի հարցմանը պատասխանելով՝ կոմունիստական կուսակցության Քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Կոնստանտին Կալաչեւը կարծիք է հայտնել, որ Կրեմլը, հավանաբար, «մեծամասնական ընտրատարածքները կբաժանի «հատուկ ռազմական գործողության» մասնակիցների և կոմկուսակցության թեկնածուների միջև», իսկ եթե, այնուամենյանիվ, մրցակցային իրավիճակ ստեղծվի, ապա կոմունիստները «կիրականացնեն առավելագույն փափուկ քարոզչություն»։
Դա փաստացի խոստովանություն է, որ ՌԴ պետդոումայի ընտրությունները «նշանակովի» կլինեն, և կոմունիստները, ամենայն հավանականությամբ, կզրկվեն «համակարգային ընդդիմության առաջատարի» կարգավիճակից։ Վլադիմիր Պուտինի ավելի քան քառորդդարյա իշխանության ընթացքում կոմունիստները նման «խտրականության» բախվում են առաաջին անգամ։
«Հատուկ ռազմական գործողության» մասնակիցները ՌԴ կառավարման գործադիր համակարգում արդեն զբաղեցնում են նահանգապետի, ինքնավար հանրապետության ղեկավարի պաշտոն։
Ըստ երևույթին, նրանց կանցնի նաև օրենսդիր մարմնի ղեկավարությունը։

Բաց մի թողեք
Ո՞վ Թրամփին «կօգնի» հաղթել Իրանին
Թրամփի Պեկին եռօրյա պետական այցն ու Պուտինի խանդը
Որն է Զուլֆուգարովի անհանգստության պատճառը Բաքվում