Արդեն երրորդ շաբաթն է, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ֆեյսբուքյան անհատական օգտահաշվում «բանավեճի հարթակ» է ստեղծել և քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման «օրինականության» թեման։
Վաշինգտոնում անցյալ տարվա օգոստոսին ձեռք բերված նախնական համաձայնություններին նախորդած շրջանում նա եռանդուն քարոզում էր, որ սահմանազատումը «պետք է իրականացվի միչև 1920թ․ դեկտեմբեր գոյություն ունեցած քարտեզներով»։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը, որ կողմերը վավերացրել են ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով, Զուլֆուգարովի մտավարժանքները ի դերև են հանել։
Այժմ նա կենտրոնացած է այլ հարցի վրա և փորձում է «հիմնավորել», որ ԱՊՀ կազմավորման մասին Ալմաթիի Հռչակագիրը նախկին միութենական հանրապետությունների «սահմանների հարցը չի լուծում, քանի որ փաստաթղթում չի ասվում, որ նախկին վարչական սահմանները ճանաչվում են որպես միջազգային, այլ հղում է անում գոյություն ունեցող սահմանների փոխադարձ ճանաչման վրա»։
Ադրբեջանի նախկին արտգործնախարարը, երևում է, իրավական փաստաթղթեր ընկալելու հետ կապված խնդիրներ ունի։ Ալմաթիի Հռչակագիրը վավերացրել է ԽՍՀՄ՝ որպես միութենական պետության, փլուզումը և նախկին միութենական հանրապետություններ վերաբերյալ չէր կարող կիրառել «վարչական սահման» հասկացությունը, որովհետև ԽՍՀՄ սահմանադրությամբ նրանք օժտված էին պետական սուվերենությամբ։
«Միութենական հանրապետության տարածքը առանց նրա համաձայնության չի կարող փոփոխության ենթարկվել։ Միութենական հանրապետությունների միջև սահմանները կարող են փոխվել համապատասխան հանրապետությունների փոխադարձ համաձայնությամբ, որը ենթակա է ԽՍՀ Միության հաստատմանը»,- ամրագրված էր ԽՍՀՄ սահմանադրության հոդված 78-ում։
Այսպիսով, 1991թ․ դեկտեմբերի 21-ին ոչ թե ԽՍՀՄ տարածքը «քանոնով բաժանվել» է Ալմաթիի Հռչակագիրը ստորագրած նորանկախ պետությունների միջև, այլ նրանցից յուրաքանչյուրը «ետ է վերցրել» այն տարածքը, որով դարձել է Միութենական պայմանագրի կողմ, և այդ պահից նրանց միջև գոյություն ունեցող սահմանները ճանաչվել են միջազգային։
ԽՍՀՄ-ում վարչական սահմաններ ունեցել են ինքնավար հանրապետությունը, ինքնավար մարզը, ազգային օկրուգը։ Ինչպես, օրինակ, ԼՂԻՄ-ը, որ միութենական սահմանադրության իմաստով ոչ թե «պատկանում» էր Ադր․ ԽՍՀ-ին, այլ «գտնվում էր նրա կազմում»։ Գուցե Զուլֆուգարովի անհանգստության բուն պատճառը դա՞ է։

Բաց մի թողեք
Ո՞վ Թրամփին «կօգնի» հաղթել Իրանին
Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակիցները՝ ՌԴ կառավարման գործադիր համակարգում
Թրամփի Պեկին եռօրյա պետական այցն ու Պուտինի խանդը